Քաղաքաշինության ոլորտում հունվարի 1-ից մինչ 18-ը ներառյալ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության եւ հողազավթման 3 դեպք: Այս մասին զեկուցվել է այսօր՝ հունվարի 19-ին, քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Նշվել է նաեւ, որ քանդման աշխատանքներ են իրականացվել մեկ հասցեում: Արձանագրություններ են կազմվել նաեւ շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել խստացնել իրականացվող հսկողությունը եւ ակտիվացնել աշխատանքները:
«Երեւան քաղաքում ապօրինություններն առհասարակ բացառելու համար 2015 թվականին մենք պետք է ավելի ակտիվ աշխատանքներ տանենք: Հատուկ հսկողություն սահմանեք մեր կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի նկատմամբ եւ խստորեն հետեւեք, որպեսզի շինարարության ընթացքում որեւէ խախտում չկատարվի: Ուշադրության կենտրոնում պետք է պահել նաեւ շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված կանոնների պահպանումը: Մայրաքաղաքում գործունեություն ծավալող միջազգային շինարարակական կազմակերպությունները, գործելով միջազգային չափորոշիչներին համապատասխան, իրենց կազմակերպված, կոկիկ աշխատանքով օրինակ կարող են ծառայել: Մենք պետք է հասնենք նրան, որ նման մոտեցումը կիրառելի դառնա շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների համար եւ ձեւավորվի յուօրինակ մշակույթ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




























