Մայրաքաղաքի կրթական եւ մշակութային հաստատությունները ջեռուցվում են եւ ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հետեւողական աշխատանքները՝ ի հայտ եկած թերությունները շուտափույթ վերացնելու եւ անխափան ջեռուցում ապահովելու նպատակով:
Անդրադառնալով շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով կրթական եւ մշակութային հաստատություններում նախատեսված շինաշխատանքներին՝ զեկուցվել է, որ բոլոր հաստատություններում աշխատանքներն ավարտված են, այդ թվում՝ թիվ 1 եւ 106 մանկապարտեզներում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են տարեվերջին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկել մանկապարտեզների կահավորման եւ շահագործման ուղղությամբ:
«2014 թվականին մենք հայտարարել էինք, որ այս մանկապարտեզները եւս կվերանորոգվեն եւ կհանձնվեն շահագործման: Հիմնական աշխատանքներն ավարտված են, ու երեխաների հաճախելու համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ըստ այդմ, օր առաջ պետք է բացենք այդ մանկապարտեզներն ու հնարավորություն տանք մեր երեխաներին հաճախել մանկապարտեզ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել պատասխանատուներին մեկ անգամ եւս տեղում գույքագրել մասնավորապես թիվ 1 մանկապարտեզում առկա անհրաժեշտ գույքն ու, անհրաժեշտության դեպքում, այն լրացնել:




























