Չինաստանն օտարերկրացի զբոսաշրջիկներին կվերադարձնի 11% ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ): Դրանից կօգտվեն նրանք, ովքեր ավելի քան 500 յուանի (81 դոլար) չափով գնում կկատարեն: Ընդ որում, Չինաստանի տարածքում օտարերկրացու գտնվելու ժամկետը չպետք է գերազանցի 183 օրը, իսկ հարկի վերադարձի ձեւակերպումը պետք է իրականացվի գնումը կատարելու պահից 90 օրվա ընթացքում:

Ձեւակերպումը կատարվելու է օդանավակայանների եւ սահմանահատման այլ կետերի հատուկ գրասենյակում: Զբոսաշրջիկը պետք է անձը հաստատող փաստաթուղթ եւ գնման կտրոն ներկայացնի:

Եթե գնված ապրանքի արժեքը չի գերազանցում 10 հազար յուանը (1610 դոլար), ապա զբոսաշրջիկը հարկային փոխհատուցումը կստանա տեղում՝ առձեռն, կամ բանկային հաշվին փոխանցմամբ: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, նշված գումարը գերազանցելու դեպքում հարկը կվերադարձվի բանկային փոխանցմամբ:

Համապատասխան որոշման մասին տեղեկացվում է Չինաստանի ֆինանսների նախարարության կայքում: Սակայն որոշման գործողության հստակ ժամկետները մասին դեռեւս հայտնի չէ:

Ներկայում գնում կատարելիս ԱԱՀ-ն կարող են ստանալ չինական Հայնան կղզում հանգստացող զբոսաշրջիկները: Երբ տեղական վարչակազմը հայտարարեց նման հնարավորության մասին (2011 թվականին), Հայնանում գնումներ կատարելու շուրջ հետաքրքրությունը զգալիորեն աճեց: