2014 թվականի դեկտեմբերի 24-ին թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Նշվել է նաեւ, որ նոր մրցույթը տեղի կունենա փետրվարի 3-ին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ եւս շահագրգիռ բոլոր կազմակերպություններին եւ անձանց հրավիրել քննարկման եւ հորդորել մասնակցել գնման  գործընթացին:

«Փաստն այն է, որ մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Մինչդեռ բոլորս ենք հիշում, թե ինչպիսի ընդդիմացում կար նախկինում ծառայությունը մատուցող կազմակերպության, նաեւ այդ գործընթացի նկատմամբ: Այժմ առնվազն տարօրինակ է, որ կենդանասերների այդ կազմակերպություններից եւ ոչ մեկը հայտ չի ներկայացնում հայտարարված մրցույթին մասնակցելու: Ու եթե առաջիկա մրցույթում եւս մասնակիցներ չլինեն եւ մրցույթը չկայանա, ապա թափառող կենդանիների դեմ պայքարը կդառնա խնդրահարույց, եւ բացառված չէ, որ գրանցվեն անցանկալի դեպքեր: Մեկ անգամ եւս հրավիրեք շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախապես պատրաստակամություն հայտնած ՀԿ-ներին եւ ներկայացրեք իրավիճակը: Գործող համապատասխան հանձնաժողովը, որում ընդգրկված են նաեւ Երեւանի ավագանու անդամներ, պետք է եւս իր ակտիվ դիրքորոշումով աջակցի հարցի լուծմանը՝ հօգուտ մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: