Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը այսօր՝ հունվարի 19-ի ավագանու արտահերթ նիստին, առաջարկեց ուղերձ հղել նախագահ Սերժ Սարգսյանին։
Նրա ներկայացրած ուղերձի տեքստում նախագահին ուղղված 2 կոչ կա։
«Խնդրում ենք անհրաժեշտ ջանքեր ներդնել այս գործն ամբողջությամբ անհապաղ ՀՀ արդարադատության համակարգի տնօրինմանն անցկացնելու համար եւ հասարակությանը ներկայացնել այսօրինակ դեպքերից խուսափելու բավարար երաշխիքներ»,- ասված է Լեւոն Բարսեղյանի առաջարկած ուղերձի տեքստում։
Ավագանին կարճ ընդմիջում է հայտարարել որոշելու՝ դնել առաջարկը քվեարկության, թե ոչ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է:
Մեղադրյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:


























