Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հունվարի 19-ին Չիտա են մեկնել քննիչներ Մոսկվայից եւ Խաբարովսկից, Каспаров.Ru-ի թղթակցին հայտնել է Անդրբայկալի մարզի զինվորների մայրերի կամիտեի նախագահ Վալենտինա Մորդովան:
Նրա խոսքով, քննիչները հարցաքննել են Պերմյակովի հարազատներին Բալեյ քաղաքում, նրա համադասարանցիներին եւ ծառայակիցներին, նաեւ Պեսչանկայում զորամասի հրամանատարությանը: Հարցաքննվածները դրական են բնութագրել Պերմյակովին, նշել, թե նա կարգապահական խախտումներ չի արել:
Պերմյակովի հայրը՝ Աֆղանստանի պատերազմի վետերն Պավել Պերմյակովը քննիչներին ասել է, թե որդին իրեն զանգել էր հունվարի 7-ին, ցանկություն հայտնել ծառայությունը շարունակել պայմանագրային հիմունքներով: Քննիչները պարզել են, թե Պերմյակովը թմրանյութեր չի օգտագործել:
Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























