Գյումրիի քաղաքապետարանն ուղերձով դիմել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:
«2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափազդու ողբերգությունը ցնցել է Գյումրի համայնքի բնակիչներին եւ ողջ հայությանը:
Ողբերգությունը առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետեւանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր:
Այդ կապակցությամբ ակնկալում ենք Ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը եւ թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:
Հուսով ենք արդարադատությունը կհաղթանակի եւ մեղավորները կստանան արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է ուղերձում:
Մեկ այլ ուղերձով էլ քաղաքապետարանը դիմել է Գյումրիի բնակիչներին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ահավոր ողբերգությունը ցնցել է համայն հայությանը: Գյումրի համայնքի ավագանին, խստորեն դատապարտելով այդ նողկալի արարքը, հորդորում է Գյումրու բնակիչներին ցուցաբերել համբերություն եւ զսպվածություն: Գյումրուտեղական ինքնակառավարման մարմինները վստահեցնում են Ձեզ, որ կլինեն պահանջատեր եւ հետեւողական, որպեսզի կատարված զազրելի հանցագործության մեղավորները ստանան արժանի պատիժ: Այդ կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմինները, համագործակցելով պետական եւ իրավապահ կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, ձեռնարկում են բոլոր միջոցները բնակչության անվտանգության ապահովման, հնարավոր սադրանքներից խուսափելու եւ ժողովրդի արդարացի պահանջների կատարումը համապատասխան մարմինների կողմից բավարարելու ուղղությամբ:
Քաղաքապետարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն, ստեղծվել է աշխատանքային խումբ, գործում է թեժ գիծ (0312 2-22-22): Հերթապահություն է սահմանվել նաեւ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կազմակերպություններում: Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, հասարակական կարգի ցանկացած խախտումներ, կասկած հարուցող որեւէ արարք նկատելիս անհապաղ զանգահարել վերը նշված թեժ գծի հեռախոսահամարին»:
Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























