Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանցի դիվերսանտների դատավճռի հարցը բարձրանելու՝ ադրբեջանական կողմի մտադրությունը հերթական անհեթեթ նախաձեռնությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հայկական կողմը նույնպես ԵԽԽՎ-ում իր գործողություններում հետեւողական է: «Եվ մենք մտադիր ենք մի շարք հարցեր բարձրացնել: Ենթադրում եմ, որ ադրբեջանական կողմի այդ նախաձեռնությունը ելույթի տեսքով կլինի, քանի որ այլ ձեւաչափ չի թույլատրվում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը կարծում է, որ կարող է հերթական անգամ հակահայ հիստերիա բարձրացնել:

«Չեմ կարծում, որ դա որեւէ արդյունքի կհանգեցնի»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը բարձրացնելու է Արցախի Հանրապետության դատարանի կողմից ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դատավճիռների հրապարակման հարցը:

Դատարանի որոշմամբ, Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման: