Արգենտինայում մահացած է հայտնաբերվել երկրի նախագահին մեղադրող դատախազ Ալբերտո Նիսմանը: Նրա մարմինը հայտնաբերվել է Բուենոս-Այրեսի իր բնակարանի լոգարանում:

Հունվարի 19-ին Նիսմանը պետք է մասնակցեր Կոնգրեսի փակ լսումներին՝ 1994 թ. ահաբեկչության քննությունը  սքողելու փաստերը ներկայացնելու համար, որին իբր խառն են երկրի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դը Քիրշները եւ արտգործնախարար Հեկտոր Թիմերմանը: 

Դիահերձման առաջին արդյունքները ցույց են տալիս, որ Նիսմանն ինքնասպան է եղել ատրճանակով: Վերջին հարցազրույցներում նա հայտարարել էր, որ այս գործում վտանգված է իր կյանքը: Քննությունը դիտարկում է այն վարկածը, որ նրան կարող էին դրդել ինքնասպանության: 

Նիսմանը դը Քիրշներին մեղադրել էր ահաբեկչություն գործած իրանցի մեղադրյալներին անպատիժ թողնելու ցանկության մեջ՝ Թեհրանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, մասնավորապես՝ Իրանից նավթ ներմուծելու եւ  Իրան ցորեն արտահանելու համար, հայտնում է  «gazeta. ru»-ն՝ վկայակոչելով  Buenos Aires Herald-ը:

ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ նախագահ Քիրշները դատախազի մահվանից հետո կարգադրել է գաղտնազերծել հատուկ ծառայությունների արխիվը: 

Երկրում սկսվել են նաեւ բողոքի ցույցեր՝ դատախազի մահվան քննության պահանջով:

1994 թ. հուլիսի 18-ին Արգենտինայի հրեական մշակույթի տան շենքոմ ահաբեկչություն էր իրականացվել, որի հետեւանքով զոհվել է 85 մարդ, շուրջ 200-ը՝ վիրավորվել: