ԱՄՆ-ի իշխանությունները, հավանաբեր, արդեն չեն ձգտում Բաշար Ասադին հնարավորինս արագ հեռացնել իշխանությունից եւ նրան որպես խոչընդոտ են դիտարկում Սիրիայի վերահսկողությունը ծայրահեղականներից զավթելու ճանապարհին: Նման միտք է արտահայտվում The New York Times-ում հրապարակված հոդվածում:

«Երկու նախաձեռնություններին Միացյալ նահանգների աջակցությունը հաստատում է, որ քաղաքացիական պատերազմի դադարեցման ճանապարհին վերջինիս հայացքները փոխվել են, իսկ Արեւմուտքը հրաժարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի մտքից», - ասվում է հոդվածում:

Երկու նախաձեռնություններից մեկը ընթացիկ ամսվա վերջին Մոսկվայում միջսիրիական խորհրդակցություններ անցկացնելու Ռուսաստանի առաջարկն է: Երկրորդը, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Սթաֆան դե Միսթրայի՝ Հալեպում հրադադարի ձեռքբերման շուրջ բանակցությունները շարունակելու ծրագրերը: Դիվանագետը դրանով մտադիր է սկիզբ դնել Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ հակամարտության «սառեցման» գործընթացին:

Օբամայի վարչակազմը պնդում է, որ երկարաժամկետ քաղաքական լուծումը ենթադրում է Ասադի հեռացում, նշում է The New York Times-ը: Սակայն ԱՄՆ-ն սատարում է դիվանագիտական ջանքերին, որոնք Սիրիայում կարող են հանգեցնել իշխանության առավել սահուն փոփոխությանը: «Այդ փոփոխություններն ու ԱՄՆ-ի կողմից այլ գործողությունները ապացուցում են, որ Վաշինգթոնը Սիրիայի նախագահին դիտարկում է՝ որպես քաոսի եւ ծայրահեղականության տարածման ճանապարհի խոչընդոտ», - եզրափակում է պարբերականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: