ԱՄՆ-ի կոնգրեսականները ավարտել են իրենց այցը Կուբա: Նրանք Հավանայում հեռահաղորդակցությունների, գյուղատնտեսության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը վերսկսելու շուրջ բանակցություններ են անցկացրել:
Հանդիպում է կայացել նաեւ Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ: «Մենք փոխել ենք 52 տարի շարունակվող քաղաքականությունը: Այժմ բանակցություններ վարելու ժամանակն է», - հայտարարել է պատվիրակության ղեկավար Պատրիկ Լեհին:
Ըստ «Ռիա Նովոստիի»՝ այս շաբաթ Կուբայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները հարաբերությունների կարգավորման առաջին փուլի ընթացքում կքննարկեն դեսպանատների բացման հարցը: Հունվարի 21-ին պատվիրակությունները ծրագրում են քննարկել միգրացիոն հարցերը, իսկ հունվարի 22-ին նախատեսվում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, այդ թվում՝ դեսպանատների աշխատանքների վերականգնման շուրջ առաջին հանդիպումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն դեկտեմբերին հայտարարել էին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:




























