«Իսլամական պետություն» խմբավորման անդամները տեսագրություն են տարածել, որում սպառնում են սպանել Ճապոնիայի երկու քաղաքացիների, եթե երեք օրվա ընթացքում նրանց համար 200 մլն դոլար փրկագին չվճարվի:

Տեսագրությունում երեւում են ճապոնացիներ Կենձի Գոտո Ձյոգոն եւ Հարունա Յուկավան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AP-ը:

Տեսագրությունը սկսվում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ելույթից, որը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարին օժանդակելու մասին: Դրանից հետո տեսագրությունում հայտնվում են երկու գերիները եւ խմբավորման անդամներից մեկը՝ սեւ հագուստով եւ դիմակով:

«Դուք հպարտությամբ 100 մլն դոլար հատկացրեցիք մեր կանանց եւ երեխաների սպանության, մահմեդականների տների ավերման համար, այդ պատճառով այս երկու ճապոնացիներից մեկի կյանքի գինը 100 մլն դոլար է», - ասել է գրոհայինը եւ հավելել, որ  մյուս քաղաքացու համար էլ խմբավորումը 100 մլն դոլար է պահանջում, քանզի Ճապոնիան հենց այդքան է հատկացրել  խմբավորման դեմ հանդես եկող ուժերի համար:

Տեսագրությունն արված է անապատային տեղանքում, եւ հնարավոր չէ հասկանալ՝ որտեղ է կատարվել նկարահանումը: Տոկիոն առայժմ չի մեկնաբանում տեղեկությունը: