Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Slam Masters-ի («Մեծ սաղավարտ») եզրափակչին, որը տեղի է ունենալու իսպանական Բիլբաո քաղաքում սեպտեմբերի 5-12-ը։ Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ բուլղար շախմատիստ Վեսելին Թոփալովը, որը Նանցզինում կայացած մրցաշարի հաղթողն է, անսպասելիորեն որոշել է չմասնակցել մրցաշարին։ Ինչպես հայտնի է, Նանցզինում Արոնյանը երկրորդն էր Թոփալովից հետո։

26-ամյա Արոնյանի մրցակիցներն են լինելու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը (Լինարեսի սուպերմրցաշարի գործող հաղթողը), ուկրաինացի Սերգեյ Կարյակինը (Վեյկ ան Զեի սուպերմրցաշարի գործող հաղթողը) և Իսպանիայից՝ Ալեքսեյ Շիրովը (Սոֆիայում կայացած մրցաշարի գործող հաղթողը)։