Թուրքիայի «Աշխատավորական» կուսակցության առաջնորդ, «Էրգենեկոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, սակայն հետագայում ստորագրությամբ ազատ արձակված Դողու Փերինչեքին դատարանը թույլատրել է երկրից դուրս գալ՝ մասնակցելու ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 4-րդ դատարանը որոշում է կայացրել վերացնել Դողու Փերինչեքի նկատմամբ գործող երկրից դուրս գալու արգելքը, որպեսզի վերջինս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցի հունվարի 28-ին տեղի ունենալիք դատավարությանը։
Նշենք, որ 2008 թվականին Շվեյցարիայի դատարաններից մեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել էր Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին։
Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ եւ նախորդ տարի դեկտեմբերին ՄԻԵԴ-ը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։
Շվեյցարիան բողոքարկել է ՄԻԵԴ-ի որոշումը, որից հետո Հայաստանը դիմել է ՄԻԵԴ եւ հանդես է գալիս որպես 3-րդ կողմ։ Հայաստանի շահերը ներկայացնելու է փատաբանների հայտնի խումբ` Ջեֆրի Ռոբերթսոնի եւ Ամալ Ռամզի Քլունիի մասնակցությամբ։




























