1999թ Գյումրիում 10 մարդու վիրավորելու եւ 2 մարդու սպանելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Դենիս Պոպովը ընդամենը 2 տարի է մնացել Հայաստանում, իսկ 15 տարվա ազատազրկման դատարապարտված Ալեքսանդր Կամնեւը՝ 11 տարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿՎ-ից:
NEWS.am-ը ՔԿՎ-ին խնդրել էր տրամադրել տեղեկություն, թե 1999թ դեկտեմբերի 27-ին Գյումրի քաղաքում դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ կայացված վճռով դատապարտված ռուս զինվորականներ Դենիս Պոպովը եւ Ալեքսանդր Կամենեւը
1. Որտե՞ղ եւ ինչքա՞ն են կրել իրենց պատիժը:
2. Ե՞րբ եւ ի՞նչ հիմքով են նրանք տեղափոխվել ՌԴ:
4. Տեղեկությո՞ւն կա, թե ՌԴ-ում ամբողջությամբ կրել են իրենց պատիժը, թե՞ ոչ:
5. Արդյոք նրանք այս պահին ազատությա՞ն մեջ են եւ որտե՞ղ են գտնվում:
ՔԿՎ-ից ուղարկված պատասխանի մեջ նշվում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից Ալեքսանդր Վլադիմիրի Կամնեւը դատապարտվել է ազատազրկման 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Յուրիի Պոպովը՝ 14 տարի, պատժի սկիզբը՝ 15.04.1999թ.:
Դատապարտյալ Ա. Կամնեւը մինչեւ 2011թ. հունիսի 10-ը պատիժ է կրել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: «Դատապարտյալների փոխանցման մասին» 21.03.1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն (ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է 21.03.2001թ.) ՌԴ Օրենբուրգի մարզի դատարանը 12.05.2010թ. որոշում է կայացրել Ա. Կամնեւին պատժի հետագա կրման նպատակով ՌԴ տեղափոխելու միջնորդությունը բավարարելու մասին:
Նկատի ունենալով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, կոնվենցիայով սահմանված կարգով, տվել է իր համաձայնությունը Ա. Կամնեւին պատժի հետագա կրման նպատակով ՌԴ փոխանցելուն, ուստի 10.06.2011թ. Ա. Կամնեւը փոխանցվել է ՌԴ իրավապահ մարմիններին:
Ինչ վերաբերում է Դենիս Յուրիի Պոպովին, հայտնում ենք, որ նա հետագա պատիժը կրելու նպատակով 18.04.2001թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին: Տեղափոխման վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացվել են՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով: «Ձեր հարցման 4-րդ եւ 5-րդ կետերի վերաբերյալ հայտնում ենք, որ արտահանձնումից հետո Դ. Պոպովի եւ Ա. Կամնեւի հետագայի մասին տեղեկատվություն քրեակատարողական ծառայությունում չի ստացվել»,-հայտնել են ՔԿՎ-ից:
Ի դեպ, ավելի վաղ Պոպովի եւ Կամենեւի ճակատագրի մասին փորձել էինք տեղեկություն ստանալ նաեւ նրանց փաստաբաններից: Ալեքսանդր Կամենեւի շահերը պաշտպանել է փաստաբան Հենրիկ Մանուկյանը, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքը ներգրավվել է գործում դատաքննության փուլում եւ քանի որ հետագայում որեւէ բողոքարկում չեղավ՝ տեղյակ չէ, թե որտեղ են կրել պատիժը:
Իսկ Պոպովի փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ճիշտ է, դատավճռից հետո որեւէ շփում չի ունեցել Պոպովի հետ, բայց տեղյակ է, որ ՀՀ-ում 2-3 տարի պատիժը կրելուց հետո նրանք տեղափոխվել են ՌԴ, ըստ որում՝ տեղափոխման ծախսերը հոգացել է ռուսական կողմը: «Այն ժամանակ խոսակցություններ կային, որ Պոպովի ազգականը հայտնի պաշտոնյա է՝ գեներալ, ով ամեն ինչ անում է, որ նրան տեղափոխեն ՌԴ: Գիտեմ, որ դատավճռից հետո Պոպովը դիմում էր գրել, որ իրեն տեղափոխեն: Հետո լսեցինք, որ ազատ են արձակվել: Հնարավոր է, որ ՌԴ-ում էլ նրանք օգտվել են վաղաժամկետ ազատ արձակման իրավունքից, հնարավոր է տարածվել են նաեւ այլ միջոցներ՝ համաներում, փաստաթղթեր են հավաքել եւ այլն, բայց թե այնտեղ քանի տարի են ազատազրկված մնացել, չեմ կարող ասել, դա երեւի պետք է ճշտել ռուսական կողմից»,-ասել է փաստաբանը:




























