Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, հունվարի 21-ին ժամը 19:00-ին, տեղի կունենա Գյումրիի զոհերի հիշատակին նվիրված համերգ:

Օպերայի աջակցության հիմնադրամի փոխանցմամբ՝ համերգին կմասնակցեն Սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, ինչպես նաեւ թատրոնի երգիչները: Մուտքն ազատ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ դեպքից 7 օր անց մահացել է:

Սպանությունը կատարելու մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ:

Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: