Կալիֆորնիական Ֆրեզնո քաղաքում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելուց երեք ամիս անց Պերճ Աբգարյանն ամփոփել է այդ շրջանի գործունեությունը եւ պատմել, թե ինչ է սպասվում 2015 թվականին: «The Fresno Bee»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ մայիսին պատրաստվում է Ֆրեզնո հրավիրել հայկական «KOHAR» սիմֆոնիկ նվագախմբին: Նրա համար կարեւոր է նաեւ ժամանակին ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության հուշարձանը: Բացի այդ, հոկտեմբերի 1-12-ը բժշկական սիմպոզիում է լինելու եւ բժիշկների այց, ինչի մասին նա ավելի վաղ էր հաղորդել:

Ինչ վերաբերում է 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին. Պերճ Աբգարյանը նշել է, որ պատիվ է համարում պատմական այդ իրադարձությանն ականատես լինելը:

«Իմ նախորդ սերունդն իր կյանքը տվեց, որպեսզի պահպանի մեր ժառանգությունը, մեր լեզուն եւ որպեսզի միշտ վառ լինի մեր ջահը՝ չթողնելով մոռանալ այդ հրեշավորությունը: Ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի մենք հասնենք համաշխարհային ճանաչման: Մասնավորապես, չնայած բոլոր փաստերին, թուրքական մերժողականությունը շարունակվում է: Հարյուրամյակն ինձ համար ուժերը թարմացնելու ժամանակ է, որպեսզի չմոռանանք, նաեւ մեր հայրենիքի հետ համերաշխ լինենք: Առավել զորեղ Հայաստանը նշան է այն բանի, որ կատարվածը հաջողության չի հանգեցրել: 100 տարի անց մենք գոյություն ունենք, ունենք անկախ հայրենիք եւ ամբողջ աշխարհում բարգավաճող հայեր»,- հայտարարել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում 2014 թվականի հոկտեմբերին Պերճ Աբգարյանը նշանակվել է առաջին պատվո հյուպատոսը: