Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Կառավարությունն անելու են ամեն ինչ, որ գյումրեցիների՝ Գյումրու ոճրագործությունը բացահայտելու պահանջի իրականացման համար տեղի ունենա առավելագույնս արդար դատավարություն: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նախօրեին մահացած՝ սպանված գյումրեցի ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսյա Սերյոժայի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նշենք, որ Սերյոժային հրաժեշտ տալու են եկել ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլեւ գյումրեցիներ, մայրաքաղաքի եւ տարբեր շրջանների բնակիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, պաշտոնյաներ, պատգամավորներ:
Սերյոժային կհուղարկավորեն վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ընտանիքի մյուս վեց անդամների մարմինները։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























