Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին իր արժանի պատիժը կստանա Հայաստանում: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նախօրեին մահացած՝ սպանված գյումրեցի ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6-ամսյա Սերյոժայի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին ասաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Այս ողբերգությունը ցնցել է ամբողջ քաղաքը, սուգ է Գյումրիում, այսօր այս զգացումն ունի ամեն մի քաղաքացի: Քաղաք մուտ գործելիս՝ նկատեցինք, որ 70 մեքենա միացել է ճանապարհին՝ փոքրիկ Սերյոժայի նկարներով: Հասկացանք, որ այս դեպքը ցնցել է ամբողջ Հայաստանին: Պերմյակովն իր արժանի պատիժը կստանա այստեղ: Այս մասին ասել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը»,- ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ դժվար է բացատրել, թե այսօր ինչ է զգում գյումրեցին:

Նշենք, որ Սերյոժային հրաժեշտ տալու են եկել ոչ միայն Ավետիսյանների հարազատները, այլեւ գյումրեցիներ, մայրաքաղաքի եւ տարբեր շրջանների բնակիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, պաշտոնյաներ, պատգամավորներ:

Սերյոժային կհուղարկավորեն վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են նրա ընտանիքի մյուս վեց անդամների մարմինները։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։

Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:

ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է  ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում: