Քաղաքացիների հոսքը Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի չի դադարում: 6 ամսական Սերյոժային վերջին հրաժեշտը տալու համար Գյումրի են մեկնել քաղաքական, մշակութային գործիչներ եւ հարյուրավոր այլ քաղաքացիներ ինչպես Երեւանից, այնպես էլ տարբեր մարզերից։
Քաղաքացիներն իրենց հետ եկեղեցի են բերել խաղալիքներ ոչ միայն փափուկ, այլեւ այնպիսիք, որոնք պետք է դառնային փոքրիկ տղայի ամենասիրելի խաղալիքները՝ ավտոմեքենաներ, գնացքներ։
Մինչ այդ արդեն հարյուրավոր խաղալիքներ են հավաքվել Երեւանի Ազատության հրապարակում՝ Օպերայի աստիճաններին, որտեղ երեկվանից, երբ հայտնի դարձավ, որ Սերյոժայի 7-օրյա կենաց մահու պայքարն արդյունք չի տվել, մոմավառություն է ընթանում։ Գրեթե բոլորը խոստովանում են, որ հարազատի պես են սգում Սերյոժայի մահը. փոքրիկը վերջին 7 օրերին կարծես թե հասցրել էր դառնալ բոլորի ընտանիքի անդամը։
Նշենք, որ հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Շիրակի գերեզմանատանը, որտեղ հանգչում են հունվարի 12-ին գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների մարմինները։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել է։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:



































