Ես չեմ կարծում, որ ճիշտ է նման միջոցառում կազմակերպել Թուրքիայում ապրիլի 24-ին: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիան ապրիլի 24-ին կազմակերպում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառում եւ հրավիրել է նաեւ ՀՀ նախագահին:

«Դուք գիտեք, որ Հայաստանի նախագահը հրավիրեց նախագահ Էրդողանին՝ մասնակցելու 2015թ. ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցին: Ես գրավոր հրավերը հանձնեցի նախագահ Էրդողանին, երբ գտնվում էի Անկարայում՝ անցյալ տարվա օգոստոսին: Մինչ օրս մենք չենք ստացել որեւէ պատասխան: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահի հրավերին, նախագահ Սարգսյանը պատասխանեց դրա հրապարակման հաջորդ օրը: Պատասխանի տեքստը հրապարակված է: Դուք պետք է ծանոթանաք դրան՝ իմանալու համար մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորության մանրամասները:

Ես չեմ կարծում, որ ճիշտ է նման միջոցառում կազմակերպել Թուրքիայում ապրիլի 24-ին: Չեմ կարող հավատալ, որ որեւէ մեկը դա կարող է ընկալել որպես ճիշտ քայլ»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: