Հայաստանի լավագույն իրավաբաններից պետք է արդեն խումբ ձեւավորված լիներ, որն այժմ կաշխատեր Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը դե յուրե ձեւակերպելու վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, NEWS.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ընդամենը պահանջել, կամ խնդրել, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, բավարար չէ։ Կարեւոր է այդ պահանջը իրավական հիմնավորումներով ամրացնելը։ Իսկ դրա համար հարկավոր է շատ լուրջ իրավաբանական աշխատանք կատարել։ Այսօր Հայաստանի լավագույն իրավաբանները պետք է աշխատելիս լինեին այդ խնդրի վրա։ Եթե չկա նման պրոցես, դա հիմք է տալիս մտածելու, որ չկա քաղաքական որոշում, որ Հայաստանը պետք է արտահանձման հարց դնի»,- ասաց պատգամավորը։
Փաշինյանի խոսքով՝ այս հարցում քաղաքական որոշման բացակայության մասին է վկայում նաեւ այն, որ ռուսական կողմի հետ պաշտոնական հանդիպումների վերաբերյալ հաղորդագրություններում որեւէ խոսք չկա այդ հարցը բարձրացնելու վերաբերյալ։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը եկել էր Հայաստան, իսկ պաշտոնական հաղորդագրություններում չկա մի որեւէ նախադասութուն, որը կվկայի որ ՀՀ ՔԿ ղեկավարը կամ Սերժ Սարգսյանը այդպիսի հարց են բարձրացրել Հայաստան ժամանած ռուս պաշտոնյանների հետ քննարկումներում։ Փողոցներում մարդկանց խոստանում են, որ կդիմեն, պաշտոնական հանդիպումներում դրա մասին խոսք չկա։ Ոչ մի նշան չկա, որ նույնիսկ մտածում են այդ առաջին քայլն անելու մասին։ Մյուս կողմից էլ մարդկանց ասում են՝ հանգստություն պահպանեք։ Այսինքն ի՞նչ՝ ձեր խոստումնրը կատարելու համար մարդիկ նորից պետք է հավաքվեն հրապարակներո՞ւմ։ Սա լուրջ վերաբերմունք չէ»,- ասաց Փաշինյանը։




























