«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանին արդարացնելու պահանջով՝ նրա ընտանիքի անդամները եւ հարազատներն անժամկետ հացադուլի արդեն երկրորդ գիշերն են անցկացնում նախագահական նստավայրի առջեւ։

«Մենք չենք հրաժարվելու մեր պահանջից, ես պահանջում եմ, որ նախագահն ինձ եւ իմ փաստաբանին ընդունի: Աշոտի բարեկամները եւ ընկերները իրար փոխարինելով այնքան ժամանակ են հացադուլ անելու, մինչեւ Աշոտին, որին անմեղ դատապարտել են, ազատ չարձակեն»,- NEWS.am-ին ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:

Լավրենտի Առուշանյանի խոսքով, այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանը մոտեցել է իրենց եւ նշել, որ նախագահին ուղղված իրենց նամակն ընթացքի մեջ է։

«Էլ բան չասեց, ես տեսնեմ, մի երկու օր կսպասեմ, հետո կհասկանամ՝ ինչ եմ անելու»,- ասաց Լավրենտի Առուշանյանը՝ նշելով, որ ցուրտ եղանակի պատճառով իրենք գիշերում են ոչ թե դրսում, այլ ավտոմեքենաների մեջ:

Նշենք, որ հացադուլին մասնակցում են Աշոտ Առուշանյանի մայրը՝ Անահիտ Առուշանյանը, հայրը՝ Լավրենտի Առուշանյանը, Աշոտի հորեղբայրը, քեռին, հորաքույրը, եղբոր կինը, որը 3 ամսական փոքրիկ ունի:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը եւս անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Գործը վճռաբեկ դատարանում է: