Ուկրաինայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան մոտ, այսօր՝ հունվարի 21-ին, Գյումրիի ողբերգության զոհերի հիշատակին ծաղիկներ են դրվել եւ մոմեր վառվել, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Ուկրաինայի Հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին ծաղիկներ են դրվել եւ մոմեր վառել: Գյումրիի ողբերգության զոհերի հիշատակը հարգել են եկել Կիեւի բնակիչները, հայկական սփյուռքի ներկայացուցիչներն ու երիտասարդները: Հավաքվածներին են դիմել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ղեկավար Վարդան Հարությունյանը:
Հիշեցնենք, հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել է:
Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը հունվարի 15-ին դարձավ 19 տարեկան: Ռուսական կողմը նրան նաեւ դասալքության մեղադրանք է ներկայացրել: ՌԴ եւ ՀՀ քննչական մարմինները Պերմյակովի նկատմամբ քրեական գործեր են հարուցել:




























