Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Լորան Ֆաբիուսի եւ Պավել Կլիմկինի հանդիպումը Բեռլինում ավարտվել է սեպտեմբերի 19-ին Մինսկի պայմանավորվածություններում նշված սահմանագծից ծանր սպառազինությունը հեռացնելու մասին հայտարարության ընդունմամբ, որտեղ նշվել է նաեւ Կոնտակտային խմբի աշխատանքն աշխուժացնելու մասին: Նախարարները կոչ են անում աշխատանքային ենթախմբեր ստեղծել՝ Մինսկի համաձայնագրերի դրույթներին համապատասխան:
«Նորմանդական ձեւաչափով» գագաթաժողով անցկացնելու վերաբերյալ որոշում (այն պատրաստ է իր երկրում ընդունել Ղազախստանը) դեռ չկա: Արտգործնախարարները պայմանավորվել են, որ բարձր մակարդակով հանդիպմանը պետք է նախորդի զգալի առաջընթաց՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարման հարցում, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Բանակցությունները տեւել են շուրջ 3 ժամ: Լրագրողների հետ զրույցում արեւմտյան աղբյուրները նշել են բավական բարդ մթնոլորտը եւ այն, որ «խնդիրների արագ լուծում դեռ չկա»:
Հանդիպման վերջում արտգործնախարաների համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ հրադադարի կոչերը չեն իրագործվում, եւ թվարկված են իրավիճակը շտկելու միջոցները:
«Այսօր ընդունված ամենահզոր որշումը սպառազինությունը հեռացնելն է շփման գոտուց, որը սահմանվել է սեպտեմբերի 19-ին Մինսկի հուշագրում», - հայտնել է Սերգեյ Լավրովը:


























