Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր` հունվարի 22-ին, ներկայացրեց, թե ինչ խախտումներ են արձանագրվել նախաքննության եւ դատաքննության ընթացքում:
«Ունենք մի իրավիճակ, երբ մեղադրական կողմն օգտվել է առիթից, որ դատավորը հրաժարվել է կատարել արդար դատավարություն: Ամբողջն անցել է բռի ուժով, դատավարական նորմերի կոպիտ խախտումով: Մի քանի փաստեր բերեմ: Վարդան Պետրոսյանին ձերբակալելուց հետո նրան պետք է հարցաքննեին նույն օրը, սակայն երկու օր անց են հարցաքննել: Իմ ներկայությամբ` դերասանը փորձեց բացատրություն տալ, սակայն քննիչը չէր արձանագրում Վարդան Պետրոսյանի բառերը: Ես փորձեցի գրավոր առարկություն ներկայացնել, նա գրիչը ձեռքիցս վերցրեց եւ փախավ սենյակից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Պաշտպանական կողմը հայտնեց, որ նախաքննության ընթացքում այդպես էլ չի բացահայտվել, թե որտեղ է տեղի ունեցել վթարը: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` իրենք հույս ունեին, որ դատարանը փորձաքննություն կնշանակեր, կպարզեր դեպքի վայրը, սակայն ապարդյուն: Նրա համոզմամբ` դատարանը միտումնավոր թույլ չի տվել պարզել իրականությունը, հասնել արդարության:
«Դատարանը չի արձագանքում Վարդան Պետրոսյանի` թեկուզ մեկ խնդրանքին` պարզել, թե որտեղ է տեղի ունեցել վթարը, ով է մեղավոր, ով է անմեղ: Ոչ նախաքննական մարմինը, ոչ էլ դատարանը ոչ մի բան չարեցին»,- նշեց նա:
Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը հունվարի 16-ին կայացած դատական նիստին պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։




























