Թուրքիայում մարդու իրավունքների ամենաակտիվ պաշտպաններից, փաստաբան Էրեն Քեսքինին թուրքական դատարանը դատապարտել է 10 ամսվա ազատազրկման՝ 301-րդ հոդվածի հատկանիշներով։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  փաստաբան Էրեն Քեսքինը դեռ 2005 թվականին Մարդինում 12-ամյա երեխայի եւ նրա հոր սպանությունից հետո հայտարարել էր, որ թուրքական պետությունը 12-ամյա երեխային սպանելու գաղափարախոսության հեղինակ է եւ պետք է պատասխան տա։ Այս խոսքերից հետո նրա դեմ դատական գործ է հարուցվել տխրահռչակ 301-րդ հոդվածով (Թուրքիայի հանրապետությանը բացահայտ վիրավորել)։

Դատարանը մեղավոր է ճանաչել Էրեն Քեսքինին եւ դատապարտել 10 ամիս ազատազրկման՝ բացառելով պատիժը հետաձգելու կամ դրամական տուգանքով փոխարինելու տարբերակները։ Եթե վճռաբեկ դատարանը հավանություն տա դատարանի որոշմանը, Քեսքինը ստիպված է լինելու բանտ նստել։

Նշենք, որ Էրեն Քեսքինը հանդիսացել է «Մարդու իրավունքների պաշտպանության» Ստամբուլի մասնաճյուղի նախկին նախագահը եւ հանդիսանում է մի շարք գործերով ստամբուլահայերի փաստաբանը։ Նրա գլխավորած միությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ մշտապես ապրիլի 24-ին սգո միջացոռումներ կազմակերպում։