Ուկրաինան չի դառնա դաշնային հանրապետություն, այն կմնա որպես ունիտար  պետություն: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Հավաքականության օրվան նվիրված իր ուղերձի մեջ:

Պորոշենկոյի խոսքով՝ մեկ ունիտար երկրին կողմ է հանդես գալիս քաղաքացիների գրեթե 100  տոկոսը,  հաղորդում է TSN հեռուստաընկերությունը:

«Որպես երկրի նախագահ՝ ինձ համար եւս երկրի եւ ազգի միասնությունը նույնպիսի արժեք է ինչպես եւ իմ բոլոր համերկրացիների համար: Ես ունեմ իմ տեսակետը պատմության, լեզվի, եկեղեցու հարցերի վերաբերյալ», - ասել է պետության ղեկավարը:

Ուկրաինայի նախագահը նաեւ նշել է, որ երկրի միակ պետական լեզուն «եղել եւ մնում է» ուկրաիներենը, բայց դրա հետ մեկտեղ, ոչ ոք չի ոտնահարի այլ լեզուներով խոսելու մարդկանց իրավունքը:

«Այդ իրավունքի լրացուցիչ երաշխիք կդառնա ապակենտրոնացումը, որը վերաբերում է նաեւ հումանիտար քաղաքականությանը: Ոչ ոք եւ երբեք չի կարող խաթարել մեր միասնությունը», - ավելացրել է Պորոշենկոն: