Ռուսաստանցի բլոգեր Ռուստեմ Ադագամովի նկատմամբ, որը ցանցում հայտնի է drugoi կեղծանունով, դաշնային հետախուզում է հայտարարվել՝ անչափահասին բռնաբարելու համար: ՏԱՍՍ-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Ադագամովը հերթական անգամ չի ներկայացել հարցաքննության, ինչից հետո նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունից հաստատել են բռնաբարության համար տղամարդու նկատմամբ հետախուզում հայտարարելու փաստը՝ չմասնավորեցնելով նրա ինքնությունը:
«ՌԻԱ Նովոստիին» Ադագամովն ասել է, որ զարմացած է իր հետախուզման մասին լուրից: «Ինձ երբեք ոչ ոք չի դիմել, ոչ զանգ է եղել, ոչ հրավեր: Ես չգիտեմ ինչ կարգավիճակ ունեմ՝ կասկածյա՞լ, թե՞ մեղադրյալ»,- ասել է բլոգերը: Նա այդ լուրերը «քաղաքական ճնշման հերթական քայլ» է որակել՝ քննիչների հետ համագործակցության պատրաստակամություն հայտնելով:
2013թ. սկզբին մամուլում հարցազրույցի տեսագրություն էր հայտնվել, որում բլոգերի նախկին կին Տատյանա Դելսալը Ադագամովին մեղադրում էր նորվեգացի 12-ամյա աղջնակի՝ իրենց ծանոթի դստեր բռնաբարության մեջ: Ադագամովն այն ժամնանակ հրաժարվել էր մեկնաբանություններից՝ դրան անդրադառնալով Twitter –ի միկրոբլոգում. «Ի՞նչ ասեմ: Նեղացած նախկին կնոջից ավելի սարսափազդու բան չկա»: Ըստ նրա՝ Դելսալի հարցազրույցը կարող էին ձայնագրած լինել ՆՏՎ-ի սկանդալային «Բողոքի անատոմիան» ֆիլմի հեղինակները:
Գովազդներով եւ համացանցային տարատեսակ նախագծերով զբաղվող Ադագամովը 2012թ. հիմնադրել էր Ընտրողների լիգան, այնուհետ անցել այժմ գոյություն չունեցող Ընդդիմության համակարգող խորհուրդ: Սակայն արդեն 2013թ. փետրվարին հայտարարել էր Պրահա տեղափոխվելու եւ ֆոտոլրագրությամբ զբաղվելու ցանկության մասին:




























