Հունվարի 22-ից սկսած նաիրիտցիներն ամեն օր բողոքի ակցիա կանցկացնեն նախագահի նստավայրի առջեւ այնքան ժամանակ, քանի դեռ չի բավարարվել իրենց պահանջը եւ չեն վճարվել իրենց աշխատավարձային պարտքերը։
NEWS.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը նշեց, որ երեկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ընդունել է «Նաիրիտ» գործարանի գույքի օտարման հանձնաժողովի 5 անդամներին եւ խոստացել առաջիկա երեք ամիսների ընթացքում բավարարել նաիրիտցիների պահանջը։
«Խոստացավ, որ երեք ամսում որոշակի լուծում կլինի այս հարցին։ Պարզ չէ՝ մեկ, երկու, թե երեք ամսվա աշխատավարձ կլինի, թե սա պարզապես խոստում է։ Հստակություն չկա այդ ամեն ինչի մեջ, իսկ առանց հստակության ժողովուրդը չի հանգստանա, անորոշության ոչ ոք համաձայն չէ։ Առայժմ ամենօրյա հանրահավաք կանենք նախագահի նստավայրի մոտ, մինչեւ վերջին լուման մեզ չվճարեն»,- ասաց Անուշ Հարությունյանը։
Նաիրիտցիներից շատերի կարծիքով՝ բոլոր միջոցներն իրենց արդեն սպառել են, մնում է ծայրահեղ քայլերի դիմել, օրինակ՝ ճանապարհներ փակելով։
«Այսքան ժամանակ մեզ ոչ ոք տիրություն չի անում։ Գնանք, բոլորովս ճանապարը փակենք, որ մեր հարցը լուծվի։ Չգիտեմ էլ ինչ անենք, ինչ քայլերի դիմենք, իրենք են ստիպում մեզ այդ քայլին դիմել, թող բերեն, մեր փողը տան»,- մեզ հետ զրույցում ասաց նաիրիտցիներից մեկը։
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:




























