Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փետրվարին կհյուրընկալի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, թեեւ ԵՄ-ն որոշել է ՌԴ առաջնորդի հետ պարբերական երկկողմ հանդիպումներ չունենալ, գրում է EUObserver-ը:
Փետրվարի 17-ին աշխատանքային այցով Վլադիմիր Պուտինի Հունգարիա մեկնելու լուրը հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյյարտոն՝ հունգարական ռադիոյի հետ հարցազրույցում: Ըստ նրա՝ քննարկվելու են նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության թեման եւ Ուկրաինայի հակամարտությունը:
Ըստ EUObserver-ի՝ ՌԴ նախագահի այցը «ոչ միանշանակ արձագանք» կառաջացնի: Թերթը նշում է, որ «ցանկացած պարբերական երկկողմ հանդիպումից» հրաժարվելու որոշում ԵԽ-ն ընդունել էր դեռեւս անցյալ տարվա մարտին: Սակայն Հունգարիայի դիվանագիտական աղբյուրները թերագնահատում են այս արգելքի նշանակությունը: Մասնավորապես, նրանք վկայակոչում են այն, որ ԵՄ բազմաթիվ առաջնորդներ, այնուամենայնիվ, շարունակում են հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
EUObserver-ը հիշեցնում է, որ Վիկտոր Օրբանը ավելի վաղ հանդես էր եկել ՌԴ դեմ Արեւմուտքի պատժամիջոցների սուր քննադատությամբ: Նա նաեւ անհամաձայնություն է հայտնել «Հարավային հոսքի» շինարարությանը խանգարելու ԵՄ փորձերին:


























