Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե Հրանտ Դինքի մահվան 8-րդ տարելիցի հետ կապված վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղերձը 2015-ի հետ կապ չունի, այն մարդու ներսից եկող քայլ է։

Թուրքական Avrupagazete կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ օրեր առաջ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտնի ուղերձին Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի հետ կապված։

Բիլգիչը հիշեցրել է, որ նախորդ տարի վարչապետ եղած ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական ուղերձը շրջադարձային էր, իսկ Դինքի սպանության հետ կապված Դավութօղլուի ուղերձն էլ այդ գծի շարունակությունն էր։

«Նախորդ տարի քաղաքական մի հեռանկար գծվեց, իսկ այս տարի ուղերձ եղավ, որ եւ հասկանում ենք հայերին, եւ ապագայի վրա լույս ենք պահում»,-ասել է ԱԳՆ խոսնակը՝ պնդելով, թե 1915-ի 100-րդ տարելիցի հետ կապված թե Էրդողանի, թե Դավութօղլուի հայտարարությունները 2015-ի հետ կապված տակտիկական քայլեր չեն, այլ դրանք մարդու ներսից եկող քայլ են։