Կահիրեին քրեական դատարանն այսօր՝ հունվարի 22-ին, ազատ է արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին՝ Ալիին եւ Գամալին: Դատարանը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ կոռուպցիայի մեղադրանքով գործերից մեկը, վերաքննիչ դատարանում բողոքարկվելուց հետո ուղարկվել է վերանայման:
Կրկնակի դատաքննության ընթացքում Մուբարաքի որդիները կլինեն տնային կալանքի տակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը «նախագահական պալատների» գործի մասին է, որի վերաբերյալ դատական լսումներն սկսվել էին նախորդ տարվա փետրվարին:
Հոսնի Մուբարաքը կալանավորվել էր` միանգամից մի քանի քրեական գործերում ներգրավված լինելով: Մեղադրանքներից մեկով` 2011թ. հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվան գործով, նա արդեն արդարացվել է: Ապրիլին դատարանը վճռել էր, որ Մուբարաքը ընդդիմադիրների գնդակահարության անմիջական մեղավոր չէ: Սակայն այն ժամանակ Մուբարաքին չէին ազատել, քանի որ եւս մի շարք քրեական գործեր կան հարուցված:
2012թ. հունիսի 2-ին կայացված սկզբնական վճռով նախկին նախագահին ցմահ բանտարկության էին դատապարտել:




























