Սահմանին որոշակի անհանգստություն կա, սակայն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ խնդիրը մոտ է պատերազմի վերսկսման:
«Ադրբեջանն ինչպես նախորդ տարվա հունվարին, այս տարին նույնպես սկսել է` խախտելով հրադադարի ռեժիմը, բայց չեմ կարծում, որ խնդիրը մոտ է պատերազմի վերսկսման: Կարծում եմ, որ այս տարի եւս Ադրբեջանը կփորձի հնարավորինս լարված պահել իրավիճակը: ՀՀ Զինված ուժերն եւ ԼՂՀ պաշտպանության բանակը կարող է պահպանել մեր անվտանգությունը»,- այս մասին այսօր` հունվարի 22-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Շարմազանովի խոսքով` հակառակորդը լկտիորեն խախտում է հրադադարի ռեժիմը, սակայն սա չի նշանակում, որ պատերազմի վտանգ կա:
«Սահմանին տիրող իրավիճակն էլ է քննարկվել ԳՄ նիստի ընթացքում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
Նշենք, որ սահմանին լարվածությունը շարունակվում է: Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, դիվերսիոն փորձեր կատարում: Երկու կողմն այս քսան օրերին ունեցել է զոհեր եւ վիրավորներ:




























