Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի գործը պետք է լինի միջպետական պայմանագրերի եւ գործող Սահմանադրության տիրույթում: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գյումրիում տեղի է ունեցել մեծ ողբերգություն: Քաղաքական իշխանությունն անելու է ամեն ինչ, որ հասարակությունը հրապարակային իմանա ամբողջ դատավարության ընթացքը: Արդարացի դատավարություն է լինելու»,- ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով` խնդիրը պետք է դիտարկել 3 հարթությունից. զգացական-հուզական-բարոյական, որտեղ ՀՀԿ մամուլի խոսնակը լիարժեքորեն հասկանում է գյումրեցիներին: Երկրորդը իրավական հարթությունն է, որտեղ խնդիրը պետք է լուծվի միջպետական պայմանագրերով եւ գործող Սահմանադրությամբ: Վերջին հարթությունը քաղաքականն է:
«Պետք է շեշտել նաեւ, որ հիացած չեմ իմ որոշ գործընկերների պահվածքով: Դասեր տալ չեմ սիրում, բայց պետք է խնդրեմ իմ գործընկերներին` չի կարելի արյան վրա փորձել շահարկել կատարվածը, դարձնել ներքաղաքական շահարկման առարկա: Խոսքս ժողովրդին չի վերաբերվում, այլ նրանց, որոնք կորցնում են իրականության զգացողությունը»,- հավելեց Շարմազանովը:
Թե կոնկրետ որ գործընկերների մասին է խոսքը, Շարմազանովը չհայտենց:
Մեր հարցին, թե իշխանություններն ինչպես են պատրաստվում օգնել Ավետիսյանների հարազատներին, որոնք իրավական աջակցության կարիք ունեն, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Եթե դատական համակարգը չկարողացավ այդ հարցը լուծել, ապա պատգամավորներս կմտածենք դրա մասին»:
Ինչ վերաբերվում է կարծիքներին, թե այս դեպքից հետո ռազմաբազան պետք է հանել Հայաստանից, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Տականքն ազգային պատկանելիություն չունի: Ռազմաբազան նախ եւ առաջ մեզ է պետք: Կատարվածից պետք է դասեր քաղել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել է նաեւ նա:
Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Ռուս զինծառայողն ընդունել է առաջադրված մեղադրանքը:




























