Մեքսիկայում, ԱՄՆ սահմանի մոտ փոքրիկ անօդաչու սարք է հայտնաբերվել, որը մի քանի փաթեթ մետամֆետամին էր տեղափոխում՝ ընդհանուր 2,7 կգ քաշով: Քննիչները որոնում են այդ թմրակուրիերի տերերին:

Սարքը հայտնաբերել են ավտոմեքենաների կայանատեղիում, Տիհուանի առեւտրային կենտրոնի մոտ:

Դատելով լուսանկարներից, դա սովորական հեքսաքոփթեր է, որը կարելի է հեշտությամբ ձեռք բերել ոչ թանկ գնով: Սարքի վրա փաթաթված է եղել մի քանի փաթեթ: Ոստիկանությունում նշում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ անօդաչու սարքն օգտագործում են թմրամիջոցները սահմանով անցկացնելու համար:

Նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել ապրիլին, Հարավային Քարոլինայում, երբ անօդաչու սարքի օգնությամբ փորձել էին բջջային հեռախոսներ, մարիխուանա եւ ծխախոտ հասցնել բանտ: Այն ժամանակ սարքը գտել էին բանկի շրջակայքի խոտածածկ տարածքում: