Իհարկե, պետք է հետեւել Գերմանիայի կանցլերի կայքին: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողներին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ անդրադառնալով Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պաշտոնական կայքերում առկա հաղորդագրությունների հետ կապված հակասություններին:

Դեսպանի խոսքով՝ ամեն ինչ շատ հստակ է: «Կանցլերի կայքում տեղադրված այն, ինչ նա իրականում ասել է: Այլ հարցերը պետք է մնացածներին տալ», - ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Բեռլինում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, ինչից հետո գործիչները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ադրբեջանի նախագահի կայքում Գերմանիայի կանցլերին վերագրվել են, մասնավորապես, հետեւյալ խոսքերը. «Կարծում եմ, որ հրադադարի հաճախակի խախտման գործում որոշակի դեր է խաղում Ռուսաստանը: Ես պարզապես կցանկանայի դա նշել: Կարծում եմ, որ Ռուսաստանն ու Հայաստանը այդ համակամարտության հետ կապված համատեղ որոշակի գործոններ են իրացնում:

Իսկ Մերկելի պաշտոնական կայքը գրում է, թե ինչ է իրականում ասել Մերկելը այդ կապակցությամբ: «Մենք մտահոված ենք հրադադարի խախտման հաճախակիացող դեպքերով, եւ իհարկե, ուշադրությամբ կհետեւենք իրավիճակին: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, եթե զգույշ արտահայտվենք, այդ հակամարտությունում ոչ վերջին դերն է խաղում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Ռուսաստանը տվյալ հակամարտությունում համագործակցում են, ապա կարելի է ելնել այն հանգամանքից, որ մենք հավատարիմ ենք միասնական մոտեցումներին: