Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման բեն Աբդելազիզ աս Սաուդը՝ դինաստիայի յոթերորդ միապետը, ամենայն հավանականությամբ հավատարիմ կմնա իր նախորդ Աբդալայի վարած նավթային քաղաքականությանը, որը վախճանվել է հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը: Համենայնդեպս, այդպես են կարծում փորձագետները, որոնց հարցում է արել Bloomberg-ը:

Այսպես, Սաուդյան Արաբիան ամենայն հավանականությամբ կշարունակի նախկին ծավալներով նավթ արդյունահանել՝ օրական 9,5 մլն բարել, որպեսզի պահպանի շուկայում մասնաբաժինը: Թագավորությունից նավթի արտահանման ծավալը կազմում է օրական մոտ 7 բարել՝ կազմելով  համաշխարհային մատակարարումների  10% -ը:

Սաուդյան Արաբիայի նավթային հետագա քաղաքականության առաջին կարեւորագույն ազդանշանը  կլինի նավթային արդյունաբերության նախարարի հարցը: Առայժմ անհայտ է՝ նոր թագավորն այդ պաշտոնում կթողնի՞ Ալի իբն Իբրահիմ ան Նուայամիին, թե ոչ, որը պաշտոնավարում է 1995թ.-ից: Նախարարը, որը դառնում է 80 տարեկան, ավելի վաղ հայտնել էր իր երկրորդ աշխատանքին առավել մեծ ուշադրություն դարձնելու ցանկության մասին. նա հանգուցյալ միապետի անվան գիտատեխնոլոգիական  համալսարանի  ղեկավարն է:

Նոյեմբերին Սաուդյան Արաբիան OPEC էր ուղարկել որոշում՝ արդյունահանման քվոտան պահպանելու մասին, ինչը նպաստել էր համաշխարհային մակարդակում նավթի գների նվազմանը: 2014 թ. նավթն էժանացավ 48%-ով:

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը հուղարկավորությունից հետո հունվարի 23-ին կհավաքվի ընտանեկան Հավատարմության խորհրդի, որպեսզի  նվիրվածությունը հայտնի նոր միապետ Սալման բեն Աբդելազիզ աս Սաուդին եւ գահաժառանգ արքայազն Մուքրինին:

79-ամյա Սալմանը Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդելազիզ իբն Սաուդի եւ նրա սիրելի կնոջ՝ Հասի աս Սուդաիրիի յոթ որդիներից է: Նախկինում նա եղել է Էր-Ռիյադի նահանգապետ, պաշտպանության նախարար եւ վարչապետի առաջին տեղակալ: Փաստացի նա պետական գործերի կառավարմամբ սկսել է զբաղվել 2012թ. ամռանից՝ Աբդալայի առողջական խնդիրների հետ կապված: Բացի այդ, Սալմանը վերահսկում է արաբական աշխարհի խոշորագույն մեդիահոլդինգներից մեկը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ընդհանուր առմամբ, նոր թագավորը ավելի պահպանողական է, բայց միաժամանակ զուսպ դիրքորոշում ունի եւ հմտորեն մանեւրում է մրցակցող խմբավորումների միջեւ, գրում է Associated Press-ը: