Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առաջին ոստիկաններից Մուհիթին Զենիթը պնդել է, թե Դինքի սպանության գործում իր «գլխին սարքել են» իր հրամանատարները։

Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ՝ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության ոստիկան Մուհիթին Զենիթը նշել է, թե Դինքի սպանության օրը իրենց վարչության պետերից Ալի Ֆուաթ Յըլմազերը, Էնգին Դինչը, Ֆարուք Սարը եւ Էրջան Դեմիրը ստիպել են իրեն զանգել հետախուզության գործակալ Էրհան Թունջելին եւ զրուցել։  Նա պնդել է, թե իր հրամանատարները մեղքը իր վրա են բարդել եւ դրանով ազատվել են պատասխանատվությունից։

Ավելի ուշ, հաջորդ ձերբակալված ոստիկանապետ Էրջան Դեմիրին հարցաքննության ժամանակ հիշեցրել են Մուհիթին Զենիթի խոսքերը, ինչին ի պատասխան, նա պնդել է, թե այդ ամենը սուտ է։