Եթե դատախազը Վարդան Պետրոսյանի համար 6 տարի, 6 ամիս պատժաչափի փոխարեն պահանջեր 10 տարի, դրանից ոչինչ չէր փոխվի, քանի որ դերասանի դեմ մեղադրանքը հիմնավորված չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

«Ինձ հարց են տալիս՝ արդյոք 6 տարի 6 ամիսը չարած հանցագործության համար ծա՞նր է, թե՞ թեթեւ: Եթե մեղադրանքի վերջում գրված լիներ 10 տարի 6-ի փոխարեն, ոչինչ չէր փոխվի: Եթե լիներ օբյեկտիվ քննություն, եթե պարզվեր, որ Վարդան Պետրոսյանն ունի, կամ չունի իր մեղքի բաժինը, երբեք այս լարումը չէր լինի, դատախազը նման պատիժ չէր պահանջի, Վարդան Պետրոսյանը եւ տուժող կողմը հաշտված կլինեին»,- ասաց պաշտպանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մեղադրական դատավճիռ կայացվի:

«Ոչ ոք չի ընդունի այն պատիժը, որը կսահմանեք, հարգելի դատարան, մի բանի համար, որը չի արել։ Չարածի համար անգամ մեկ օրով մարդուն ազատությունից զրկելն անօրինական է»,- մոտ երեք ժամ տեւած իր պաշտպանական ճառն ավարտեց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նշենք, որ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս տարվա ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։