ԴԱՀԿ ծառայության պետի հայցը կապված է նրա նախկին բիզնեսի հետ: Այս մասին հունվարի 23-ին լրագրողներին հայտնել է ինքը՝ Միհրան Պողոսյանը: «Հայտնի է, որ նախքան պետական պաշտոնի անցնելը ես բիզնեսով էի զբաղվում եւ փորձում էի դա լավ անել: Այժմ ես պետական ծառայության եմ անցել, հետեւաբար բիզնեսով չեմ զբաղվում», - հավելել է Պողոսյանը:
Դատական հայցը կապված է Պողոսյանի տնօրինման տակ մնացած եւ վարձակալության տրված ակտիվների որոշ իրավական հարաբերությունների հետ: «Ինչպես տեսնում եք, պետական ծառայության հետ դա կապ չունի: Բայց կարող եմ ասել, որ ինձ հաջողվել է համաձայնության հասնել պատասխանողի հետ», - հավելել է Պողոսյանը:
Նա հերքել է «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցի եւ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցի, ինչպես նաեւ արեւադարձային մրգեր ներկրող «Քեթրին» ընկերության հետ ունեցած իր կապի մասին լուրերը: Նաեւ հավելել է, որ իր ընտանիքում եւս ոչ ոք բիզնես չունի. կինը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում, իսկ երեխաները դպրոցական եւ նախադպրոցական տարիքի են: «Իսկ հեռավոր բարեկամների շրջանում որոնելը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ. ամեն մեկն էլ հեռու կամ շատ հեռու գործարար բարեկամ ունի: Սակայն դա ոչինչ չի ասում մեր մասին», - հավելել է Պողոսյանը:




























