Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով»-ը տեղի է ունենալու փետրվարի 5-ին՝ Մուլտի Գրանդ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում: Այս մասին հայտնում են ԲՀԿ մամուլի ծառայությունից:

Խորհրդաժողովը նախատեսված էր անցկացնել հունվարի 20-ին, սակայն 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան հետ կապված այն հետաձգվել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ խորհրդաժողովին խորհրդարանական ուժերից կմասնակցի միայն «Ժառանգությունը», իսկ ոչ խորհրդարանական ուժերից՝ «Առաքելությունը», «Ազգային համաձայնությունը», «Համերաշխությունը», «Ազգային անվտանգությունը», «Ժողովրդական կուսակցությունը» եւ այլն:

Խորհրդաժողովում նախատեսված է երեք նիստ՝ ամեն մեկը 1,5 ժամ տեւողությամբ, ելույթ կունենա նաեւ Գագիկ Ծառուկյանը, կլինի հարցուպատասխան, վերջում էլ կամփոփվեն աշխատանքները: