Երեւանի Գրողների միությունը վերջին տարիներին փութաջան աշխատել է. հայերեն է թարգմանվել «Սեւ գիրքը», որում հայտնի արտասահմանցիները պատմում են Հայոց ցեղասպանության եւ հայկական հարցի մասին: Հունվարի 23-ին վերջին տարիներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված թարգմանական գրականության ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի թեմայուվ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Հայերեն թարգմանված գրքերից Աբգար Ափինյանը առանձնացրել է նաեւ «Անտարեսի» հրատարակած «Ստամբուլի ընկեցիկը» գիրքը: «Մեծաթիվ են գերմաներենից թարգմանված գրքերը: Օրինակ, «Թիթեղյա թմբուկը», որի հեղինակ Գյունտեր Գրասը Նոբելյան մրցանակի դափնեկիր է», - ասել է Ափինյանը: Նա նաեւ առանձնացրել է գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի  «Ընթերցողը» գիրքը, որը տպագրել է «Զանգակը» եւ որի թարգմանիչն է Գայանե Գինոյանը:

Մամուլի ասուլիսի մասնակից, Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Ռայներ Մորելն ընդգծել է, որ «Ընթերցողը» գիրքը Գերմանիայի հանրությանը հնարավորություն ընձեռեց համակերպվելու իր անցյալի հետ: Ըստ դեսպանի՝ գիրքը երկար ժամանակ մեծ պահանջարկ է վայելել Գերմանիայում:  «Այն մեծ ազդեցություն է թողել մեր հանրության վրա եւ բուռն քննարկման արժանացել: Գիրքը նվիրված է Գերմանիայի անցյալին: Սա, առաջին հերթին,  պատմություն է երկու մարդկանց միջեւ: Գրքի երկրորդ մասում խոսքն այն մասին է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց անցյալին: Սա մեզ հնարավորություն է տալիս համակերպվելու մեր անցյալի հետ: Դուք գիտեք, որ ներկայումս մենք լավ հարաբերություններ ունենք ֆրանսիացիների եւ հրեաների հետ», - հավելել է դիվանագետը:

Մամուլի ասուլիսի երրորդ բանախոսը՝ «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, նշել է, որ  իրենք թարգմանում են հիմնականում եվրոպական լեզուներից: NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի թարգմանությանը՝  նա առանձնացրել է իտալերենից թարգմանված «Արտույտների ագարակը» գիրքը, որի շարունակությունն է  «Ճանապարհ դեպի Զմյուռնիա» գիրքը: Էմին Մկրտչյանը հավելել է, որ այժմ պատրաստվում է  «Մշո գրքի» թարգմանությունը: