Չունեւոր պարտապանները անհրաժեշտ կացարանի իրավունք կունենան: Այս մասին հունվարի 23-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: Ըստ նրա՝ համապատասխան օրինագիծը քննարկվում է կառավարությունում:

Անվճարունակության դեպքում ունեցվածքի վրա կալանք դնելիս «պատուհան» կթողնվի՝ ենթադրաբար 10 մլն դրամի չափով: «Եթե պարտքը վճարելու համար ստիպված լինենք տունը վաճառել, ինչ-որ գումար կմնա պարտապանին՝ կացարան գնելու համար, եթե ոչ Երեւանում, ապա գոնե մարզերում, որպեսզի առանց ծածկի չմնա», - հավելել է Պողոսյանը:

Հարցին՝ կհամաձայնեն արդյոք բանկերը  կորցնել այդ 10 մլն-ը, Պողոսյանը պատասխանել է, որ նրանք պարզապես պետք է դրանք վարկային ռիսկերի հաշվարկում ընդգրկեն:  «Մեզ համար կարեւորը անհրաժեշտ կացարանի իրավունք ապահովելն է: Իսկ բանկերը կարող են նախապես հաշվի առնել, որ պարտքի այդ մասը չի կարելի վերականգնել, եւ օրինակ, ավելի խիստ գնահատել վարկառուներին, որպեսզի նման առիթներ քիչ ծագեն», - պարզաբանել է Միհրան Պողոսյանը: