Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանին այսօր՝ հունվարի 23-ին՝ երեկոյան, կտեղափոխեն Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդի հոսպիտալի ղեկավար Էդիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ զինվորի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն: Այսօր երեկոյան նրան Բերդից կտեղափոխեն Կենտրոնական կայազորային հոսպիտալ՝ հետագա բուժումը շարունակելու համար: Հարցին, թե զինծառայողը նարկոզից դուրս է եկել, Էդիկ Գրիգորյանն ասաց, որ նրան նարկոզից չեն հանում եւ այդպես էլ կտեղափոխեն:

Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տեւել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով եւ մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ եւ վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը եւ շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»: