Ռուսաստանի նկատմամբ քաղաքական եւ դիվանագիտական ճնշումը պետք է ուժեղանա: Այս մասին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք պետք է ուժեղացնենք Ռուսաստանի նկատմամբ քաղաքական եւ դիվանագիտական ճնշումը, եւ այստեղ պետք է դեր ունենան Եվրամիության անդամ շատ պետություններ: Կարեւոր է, որպեսզի մենք միասնական լինենք եւ դիվանագիտական ջանքեր գործադրենք Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի բանակցություններին աջակցելու համար»,- ասել է Մոգերինին:
«Տնտեսական պատժամիջոցներն աշխատում են. ինչպես ռուսական տնտեսությունը, այնպես էլ ռուս ժողովուրդը տառապում են տնտեսությունում փոփոխությունների պատճառով»,- Մոգերինիի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս»-ը:
Միաժամանակ, նրա խոսքով, ռուսական ղեկավարության պահվածքը դեռեւս չի փոխվում՝ չնայած ԵՄ սահմանափակող միջոցներին:


























