Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր արմատական ձախերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ) հավաքում է 33,5-35,5 տոկոս ձայն եւ 6-10 տոկոսով առաջ անցնում իշխող «Նոր Դեմոկրատիա» կուսակցությունից: Այսպիսին են exit polls-ի արդյունքները:
Այդ արդյունքների տվյալներով, «ՍԻՐԻԶԱ»-ն ստացել է 33-5-35,5 տոկոս ձայն, մինչդեռ իշխող աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ վարչապետ Անդոնիս Սամարասի գլխավորությամբ, ստացել է 25,5-27.6 տոկոս ձայն: Երրորդ տեղում ուլտրա ազգայնականների «Ոսկե լուսաբաց» կուսակցությունն է՝ 6,4 տոկոսով: Այնուհետեւ գալիս են «Պոտամի» կուսակցությունը, Հունաստանի կոմկուսը, ՊԱՍՕԿ-ը եւ «Անկախ հույներ» կուսակցությունը:
Բոլոր այս կուսակցությունները հաղթահարում են երեքտոկոսանոց շեմը եւ տեղ կունենան խորհրդարանում: Իսկ ահա նախկին վարչապետ Յորղոս Պապանդրեուի «դեմոկրատ սոցիալիստների շարժումը» առայժմ հավաքում է 2,9 տոկոս:
Այսպիսով, էքզիթ փոլի արդյունքներով, խորհրդարան են անցնում 7 ուժեր;
Հիշեցնենք, որ Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ խորհրդարանը չի կարողացել երկրի նախագահ ընտրել եւ Սահմանադրության համաձայն ցրվել է:
«ՍԻՐԻԶԱ» ձախ արմատական կոալիցիան դեմ է հանդես գալիս խիստ տնտեսական միջոցներին: Եթե կոալիցիան հաղթի, Հունաստանը հնարավոր է դուրս գա եվրագոտուց:




























