2015թ. հունվարի 29-ի դրությամբ հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերն ու բազմամյա տնկարկները չեն վնասվել: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարությունը՝ ի պատասխան շրջանառվող լուրերի, թե այս տարի երաշտ է սպասվում:

Նախարարության մամուլի ծառայությունից մասնավորապես հայտնում են. «Իհարկե հետագա ամիսներին տեղումների սակավության, բարձր ջերմաստիճանի առկայության, եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների դեպքում կարող են գյուղատնտեսության ոլորտում լուրջ ռիսկեր առաջանալ:

Բազմամյա տվյալների ուսումնասիրություններով հաստատվել է, որ գրեթե չկան օրինաչափություններ ձմռան ամիսներին ձյան առատ տեղումների առկայության եւ ջրամբարներում ջրի բավարար պաշարների կուտակման հարցում:

ՀՀ տարածքում գարնանային վարարումների հոսքի ծավալի ավելացումը եւ առավելագույն ելքերը դիտվում են ապրիլ-մայիս, նույնիսկ  հունիս ամիսներին: Հոսքի մեծությունը էականորեն կախված է վարարումների ժամանակահատվածում ջերմային եւ խոնավության պայմաններից:

Եղել են տարիներ, երբ հանրապետությունում ձյան շերտը բավական բարձր է եղել` նույնիսկ երկու անգամ գերազանցելով նորման, սակայն պայմանավորված ջերմային ֆոնով եւ այն հանգամանքով, որ այդ տարիներին ապրիլ-մայիս ամիսներին դիտված տեղումների զգալի մասը եղել է ոչ ընդգրկուն` լոկալ հատվածներով եւ հոսքի վրա էական ազդեցություն չի թողել, վարարումների հոսքի ծավալը նորմայից զգալի ցածր է եղել ( օրինակ 2013թ.):

Դրա հետ մեկտեղ առանձին տարիներին  ձմռան ընթացքում ձյան շերտի բարձրությունը եղել է նորմայից ցածր, սակայն պայմանավորված ապրիլ-հունիս ամիսների հիդրոօդերեւութաբանական պայմաններով` դիտվել է զգալի մակերեւութային հոսք (օրինակ` 1995, 2005, 2007, 2011թթ., ընդ որում` նշված վերջին երկու տարիներին հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրամբարներում դիտվել է 100% լցվածություն):

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, անկախ հետագայում ջերմաստիճանային պայմանների հնարավոր փոփոխություններից ու հիդրոլոգիական վիճակից,  դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերից կոնկրետ քայլեր է իրականացնում անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջրաղբյուրների օգտագործման, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ ու խնայողաբար օգտագործման, ոռոգման միջտնտեսային, ներտնտեսային ցանցերը, ջրհան կայանները, խորքային հորերը մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը նախապատրաստելու եւ կայուն ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ»: