Երեւանի «Մոսկվայի տանը» հունվարի 29-ին «Ճանապարհ դեպի ինձ» ստեղծագործական երեկոների շարքի շրջանակում «Սկալա-ՄՊ» ալեհավաք համակարգի գլխավոր կոնստրուկտոր Ջոն Հարությունյանի եղբոր՝ տեխնիկական գիտությունների դոկտոր Հակոբ Հարությունյանի հետ հանդիպում կայացավ: Եղբայրները տարիներ շարունակ աշխատել են մեկ թիմում: Հակոբ Հարությունյանը մանրամասն ներկայացրեց հայտնի գիտնականների ընտանիքի պատմությունը, նրանց անցած դժվարին ուղին:

Վերջերս լրացավ տեխնիկական գիտությունների թեկնածու, գիտության բնագավառում Լենինի մրցանակի դափնեկիր Ջոն Հարությունյանի ծննդյան 70-ամյակը: Ցավոք, գիտնականը չափազանց վաղ է հեռացել կյանքից՝ 38 տարեկանում: «Նա մահացավ 1982 թվականի օգոստոսին: Այդպես էլ չհասցրեց տեսնել իր երեխայի աշխատանքը հայրենիքում»,- ցավով նշեց նրա եղբայրը՝ Հակոբ Հարությունյանը:

Հայ գիտնականների գիտական մշակումների շարքում առավել հայտնի է «Սկալա-ՄՊ» ռադիոտեղորոշիչ ալեհավաք համակարգը, որն արդեն շուրջ 30 տարի ապահովում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների անվտանգությունը: Ոլորտի առաջատար մասնագետների կարծիքով, այդ հզոր ռադիոտեղորոշիչը երկար տարիներ անխափան շահագործվում է:

Ջոն Հարությունյանի ստեղծած «Սկալա-ՄՊ» ռադիոտեղորոշիչ համալիրը չի կորցրել արդիականությունը եւ, մնալով հայկական ինժեներական հանճարեղ մտքի կենդանի վկայությունը, շարունակում է անխափան աշխատել Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Հակոբ Հարությունյանը հավելեց, որ «Սկալա-ՄՊ» ալեհավաք համակարգը թռիչքների անվտանգություն է ապահովում նաեւ Ռուսաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Չինաստանի, Կորեայի, Վիետնամի, Ուկրաինայի եւ այլ երկրների օդանավակայաններում: