«Հիմնադիր Խորհրդարանի» կազմակերպած ավտոշարասյան անդամներին հունվարի 31-ին Բերձոր չհասած ճանապարհին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հետաքննություն է իրականացվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ հետաքննությունից հետո իրենք արդյունքների մասին կհրապարակեն:

«Յուրաքանչյուր բողոք, յուրաքանչյուր հրապարակում՝ կապված այս դեպքի հետ, մենք ուսումնասիրում ենք»,- ասացին ԼՂՀ ոստիկանությունից:

 Նշենք, որ դեպքից ժամեր անց ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել ավտոշարասյան մասնակիցների հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։

«Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների եւ շարունակել սադրանքները նաեւ ոստիկանության նախազգուշացումներից հետո։ Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:  Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասվում էր հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: